«Անհանգիստ գիրք» Վրեժ Սարուխանյան
Գրքերը մարդկանց պես են՝ սովորաբար սեր ու բարություն են պարգևում, հաճույք ու ժամանց, ինֆորմացիա, ոգի ու տրամադրություն, մտքի ու գործունեությանհանդարտություն... Մի խոսքով՝ այն ամենը, ինչը խորթ չէ մարդուն... Բայց երբեմն, ոչ այնքան հաճախ, ծնվում են գրքեր, որոնք խառնում ենք աշխարհաճանաչողության ավանդական ընկալումները, ընթերցողին նույնիսկ հանում հանդարտության տաքուկ սահմաններից և ստիպում մտածել երբևէ չմտածածի, անհայտի, իր պատկերացումների հակառակի մասին... Բնականաբար՝ կորսված կամ քողարկված ճշմարտությունը որոնելու արահետներում երկար սպասված գրքերով աշխարհաճանաչողության նոր ընկալումները ընթերցողին կարող են անսպասելիորեն այլ իրականություն տանել...
Այդպիսի մի անհանգիստ գիրք է հանգամանքների բերումով այսօր ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից Բորիս Գաբրիելյանի «Մեր գալակտիկայի արտացոլումը միֆապատումներում» տասնամյակների երկունքից ծնված բացառիկ գերխիտ աշխատությունը, որը ընթերցողին կարող է հանել աշխարհաճանաչողության իր ավանդական շավղից, ստիպել կասկածելու թվացյալ հարյուր տոկոսանոց ճշմարտություններին ու զարմանալ այն իրականությամբ, որում վաղուց ապրում է այս գրքի հեղինակը: Նա յուրովի է մեկնաբանում՝ հազարամյակների ընթացքում մեր գալակտիկայի տիեզերական ներդաշնակությունը այնքան է աղճատվել, որ աշխարհը փոքր ինչ ճանաչել կամեցողը կարող է հայտնվել մեծ կեղծիքի սարդոստայնում: Իսկ գուցե դա կատարվել և կատարվում է հենց աշխարհը առավել հեշտ կամ այլ նպատակներով կառավարելի դարձնելու:
Գրքում ներկայացված են հիմնականում «Աշխարհի ստեղծման» թեմայով միֆապատումներ (դիցապատում- առասպելաբանություն), որոնք ժողովուրդներին հրամցվել են որպես սեփական էթնոսային մտածողության և զանազան առնչությունների, ազդեցությունների ու փոխազդեցությունների արյունք: Սակայն դրանք որքան էլ մտածողական և ընկալումային ինքնատիպություն ունենան, այնուամենայնիվ մի հանգրվանում նույն մայրական ծագումն ունեն: Եվ հազարամյակների ընթացքում այդ մեծ ինֆորմացիայի դանդաղ ու հետևողական կեղծումը հանգեցրել է միֆապատումների քաոսային վիճակի, հայտնի Բաբելոնյան աշտարակաշինության տրամաբանության:
Սովորաբար մարդուն հրամցվում են ակադեմիական հանրահայտ չափանիշ-ստերեոտիպեր, որոնցով նա ընկալում է աշխարհը: Եվ տարիների ընթացքում այդ հրամցված կողմնորոշիչ-ուղեկիցների միջոցով մարդը հայտնվում է ճանաչողության մի լաբիրինթոսում, որից դուրս գալու համար գոնե Արիադնայի կծիկ է հարկավոր կեղծիքի սարդոստայնից դուրս գալու: Իսկ կեղծիքի ձնագնդին սարի գագաթից մինչև ստորոտ կարող է սարի չափ դառնալ: Ճշմարիտ ուղեցույց է հարկավոր: Հենց դրան է միտված «Մեր գալակտիկայի արտացոլումը միֆապատումներում» գիրքը, որը մեր օրերում հատկապես առանձին մասնագետների կողմից զանազան նկատառումներով միանշանակ չի ընդունվում: Բնականաբար՝ հազար տարվա կեղծիքը միանգամից մաքրել հնարավոր չէ:
Բորիս Գաբրիելյանը այս գիրքը ստեղծել է որպես Արիադնայի կծիկ չմոլորվելու համար, իսկ գերնպատակը աշխարհաստեղծման մեծ ինֆորմացիայի ներդաշնակության յուրովի վերահաստատումն է:
Ըստ հեղինակի՝ «Նման պայմաններում հակառակ գնալ վաղուց ևեթ հաստատված մոտեցումներին և փորձել բացահայտել ճշմարտություն՝ նույնն է, թե ճակատով քանդել բետոնե պատը, որն էլ գիտակցելով հանդերձ, փորձել ենք իրագործել»: Հեղինակը հավաստում է, որ միայն տեխնիկական «գիտելիքներով» հագեցած շատ ու շատ մասնագետների անհասկանալի կամ անհեթեթ կթվան աշխատությունում տեղ գտած մտքերը, որովհետև դրանք կարող են իրենց «գիտելիքներից» այն կողմ չանցնել, քանի որ հակասություն կառաջանա իրենց հին ինֆորմացիոն չափանիշի և նոր փաստի միջև, որի արդյունքում, բնականաբար, չի ընդունվի նորը...
Բորիս Գաբրիելյանի այս աշխատության ծրագիրն է ներկայացնել՝
1-ին՝ մեր հզոր ԱՐ—ԱՐ-(օղ) ԱՐ(և)ին:
2-րդ՝ ճշտել մարդկության մեջ տարածված պոեմների, լեգենդների, էպոսների և առասպելների իրական հեղինակներին և պարզել նրանց ծավալած նպատակային գործունեությունը:
3-րդ՝ բացահայտել «կեղծիք» ծնող և տարածող հեղինակներին: Ցույց տալ «կեղծիք»-ի ստեղծման ու տարածման անհրածեշտության պատճառները...
Վաղուց սրբագործված չափորոշիչներով առաջնորդվող մասնագետները աշխարհաստեղծման թեման վերածել են «աստվածային թնջուկի», որից հնարավորինս պարզելու և մեկնաբանելու համար ներկայացված են ժամանակակից աստղագիտության տեսություններ և նոր հայտնություններ: Բացահայտված են որոշ բառերի հավաստի արմատները, որոնք իրենց հերթին լույս են սփռում աստվածների ստույգ դերակատարումների վրա: Նյութերի բաղդատում և համեմատական մեկնաբանությունները կատարվել են պատումների և գիտական փաստերի հիման վրա: Մեր օրերում պատմահամեմատական լեզվաբանությունը հիմնավորված բացահայտում է և ստուգաբանում հազարամյակներ առաջ կատարված իրողությունների ներքին առնչությունները և ծագումնաբանությունը: Առանձին դեպքերում նաև այս ճանապարհով է գնացել իրողությունները տարբեր փաստարկներով հավաստող Բորիս Գաբրիելյանը:
Հեղինակը յուրովի բացատրում ու ներկայացնում է մասնավորապես հայկական միֆապատումների և մեր գալակտիկայի տիեզերական կապերն ու առնչությունները և նորովի ներկայացնում հայկական պատումների «մայրական» իրավունքները:
Օրինակ՝ տարբեր գիտնականներ հայոց “Սասնա Ծռեր» էպոսը զանազան նկատառոումներով, նայած թե պատվիրատուն ով է, մեկնաբանել են, ամենամեղմ բառով ասած, կեղծիքով՝ թաքցնելով այդ համամարդկային գործի ճշմարիտ արժեքը: Վկայակոչենք Բորիս Գաբրիելյանի փաստարկը՝ ««Սասնա Ծռեր» էպոսը, մյուս լեգենդների ու պոեմների նման, նույնպես աղճատվել է մասնագետների «մանրակրկիտ ուսումնասիրությունների» հետևանքով... Էպոսի հերոսներին անձնավորել են... Իրականում «Սասնա Ծռեր» էպոսը, ժամանակագրական առումով շատ ավելի մեծ արժեք է ներկայացնում, քանի որ մյուս պատումներում ներկայացված «Աշխարհի ստեղծումը»՝ չունենալով հստակ տարեթվային ժամանակաշրջան, պատումները վերածել են միֆի՝ առասպելի, որը հաճախ ընկալվում է որպես անհավանական, շինծու պատմություն: «Սասնա Ծռեր էպոսն է, որ ժամանակի առումով «Աշխարհի ստեղծումը» բերում է մինչև մեր օրերը, ստեղծելով ժամանակի առանցք: Ամբողջացնում է մյուս լեգենդները ժամանակագրությամբ և կերպարանափոխված «գործող անձանց» ներկայացնում այսօրվա իրենց իրական անուններով և «հասցեներով»... Էպոսի ֆենոմենը կայանում է նրանում, որ մարդկության դոնոր «Արմեն» մարդատեսակին «Աշխարհի ստեղծման» պատմությունն աստվածները ներկայացրել են շատ ավելի ուշ...»: Այս և շատ այլ «պատվերով» ճշմարտությունների վրա Բորիս Գաբրիելյանը տասնամյակներ է խորհել, փաստեր ու գիտական տվյալներ հավաքել, վերլուծել, համեմատել ու համադրել, պարզաբանել ու հերքել, բախել ճշմարտության կեղծված դռները՝ կոնկրետ գրքի վրա աշխատելով շուրջ 12 տարի: Եվ այս գերհարցի վերաբերյալ նա ներկայացրել է իր փաստարկված բանաձևումը՝ «Այս դյուցազնավեպը ոչ միայն «Աշխարհի ստեղծման» մասին է, այլև ԱՐի համակարգի ծննդյան և ձևավորման գործընթացի մասին՝ մինչև մեր օրերը, որը ստեղծում է միֆապատումների ժամանակագրային առանցք: Էպոսում ներկայացվում է նաև ապագան»:
Բորիս Գաբրիելյանը «Աշխարհի ստեղծման» գերթեմայի շրջանակներում անդրադառնում է նաև ածանցյալ թեմաների, որոնք առնչվում են բազմաթիվ ժողովուրդների հոգևոր-մշակութային թնջուկի հասցված հարցերին, որոնց ինքը պատասխանում է գիտականորեն փաստարկված:
Սիրելի ընթերցող, գերխիտ այս գիրքը հնարավոր չէ մի քանի էջով հպանցիկ ներկայացնել, ուրեմն՝ վայելեք այս գիրքը ընթերցելու հաճույքը և երկա~ր, շատ երկա~ր խորհեք...
Վրեժ Սարուխանյան
Комментарии
Отправить комментарий